Ֆոլեպրիմը 400 մկգ ֆոլաթթու պարունակող կենսաբանական ակտիվ հավելում է: Ֆոլաթթուն (վիտամին B9) անհրաժեշտ է ԴՆԹ-ի կրկնապատկման համար, ինչպես նաև հանդիսանում է ամինաթթուների սինթեզի, վիտամինների մետաբոլիզմի և մի շարք այլ ֆերմենտային ռեակցիաների սուբստրատ։ [1]
Ֆոլաթթվի ընդունումը հանրային առողջապահության կարևոր խնդիր է, որը կարող է նվազեցնել նյարդային խողովակի արատների զարգացման հավանականությունը։ Այս վիտամինը հանդիպում է կանաչատերև բանջարեղենի, ցիտրուսների և հատիկաընդեղենի, ինչպես նաև կենդանական ծագման մթերքների մեջ, ինչպիսիք են ձուն և լյարդը: Սննդի միջոցով ֆոլաթթվի ընդունումը հնարավոր է և, երբեմն, բավարար, սակայն սննդից դրանց կլանումը կարող է սահմանափակվել, քանի այն շատ զգայուն է բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ: [2,3]
Հայտնի են ֆոլատների ավելի քան 150 միացություններ։ Ֆոլատները բաղկացած են պտերիդինից, պարամինոբենզոյաթթվի օղակից, և կարբօքսիլ ծայրին ամրացած մինչև 8 գլյուտամատային մնացորդներից: Հետևաբար, դրանք կոչվում են նաև պտերոիլ պոլիգլուտամատներ: Ֆոլաթթուն սինթետիկ միացություն է, որի կարբոքսիլային ծայրին միացած է մոնոգլուտամատ։ Պտերոիլ մոնոգլուտամատը ֆոլատներից ամենակայունն է: Ֆոլաթթուն հաճախ օգտագործվում է դեղագործության և սննդային հավելումների պատրաստման մեջ: Տարբեր ֆոլատներ ունեն ներծծման տարբեր արագություններ։ Ֆոլաթթուն ակտիվ ներծծվում է, մինչդեռ սննդային ֆոլատների ներծծումը սահմանափակ է; Սննդի մեջ առանձին ֆոլատների կենսամատչելիության վրա հիմնականում ազդում է մոնո- և պոլիգլուտամատների հարաբերակցությունը։ Միջին կենսամատչելիությումը խառը սննդակարգում կազմում է մոտ 50 %: [4]
Ֆոլաթթվի սինթետիկ ձևն օգտագործվում է հավելումների և հարստացված սննդի մեջ: Մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ մինչև բեղմնավորումը ֆոլաթթու պարունակող հավելումների օգտագործումը նվազեցնում է նյարդային խողովակի արատների (օրինակ՝ անէնցեֆալիայի, սպինա բիֆիդայի) զարգացման ռիսկը: [5]
Ֆոլաթթվի անբավարարության առաջացումը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, ներառյալ սննդակարգի անբավարար ընդունումը: Սնունդը եփելու դեպքում ֆոլաթթուն քայքայվում է։ Ֆոլաթթուն ներծծվում է աղիճ աղիքում ակտիվ և պասիվ տրանսպորտի միջոցով: Հետևաբար, այնպիսի հիվանդություններն, ինչպիսիք են ցելյակիան, արևադարձային սփրուն, կարճ աղիքի համախտանիշը, ամիլոիդոզը, միջընդերային անոթային անբավարարությունը կարող են բերել ֆոլաթթվի ներծծման նվազման և անբավարարության զարգացման: Բարձրացած pH-ը, օրինակ աքլորհիդրիայի դեպքում, նույնպես կարող է հանգեցնել ֆոլաթթվի ներխխման խանգարման: Որոշ դեղամիջոցներ, օրինակ մետոտրեքսատը, ֆենիտոինը, սուլֆասալազինը և տրիմետոպրիմը, կարող են խանգարել ֆոլաթթվի օգտագործումը, արգելակելով դրա ներծծումը կամ ակտիվ ձևի փոխակերպումը, ինչը կհանգեցնի ֆոլաթթվի անբավարարության: Ֆոլաթթվի նյութափոխանակության համար անհրաժեշտ ֆերմենտների բնածին անբավարարությունը կարող է հանգեցնել ֆոլաթթվի անբավարարության: Ֆոլաթթվի դեֆիցիտ կարող է առաջանալ վիտամին B-12-ի պակասուրդից՝ մեթիոնին սինթազայի խանգարման հետևանքով, ինչը բերում է ֆոլաթթվի թակարդման մեթիլտետրահիդրոֆոլատի տեսքով։ Արդյունքում մեթիլեն THFA-ը կուտակվում է շիճուկում, և մեծանում է ֆոլաթթվի արտազատումը մեզի միջոցով: Ալկոհոլիզմը ֆոլաթթվի դեֆիցիտի նշանակալի պատճառ է: Հղիությունը, հեմոլիտիկ անեմիան և դիալիզը նույնպես կարող են հանգեցնել ֆոլաթթվի անբավարարության զարգացման: [6]
Ֆոլաթթվի անբավարարություն ունեցող բոլոր հիվանդներին պետք է խորհուրդ տրվի հավելյալ ֆոլաթթվի ընդունում՝ դեֆիցիտի շտկման համար: Սովորաբար, օրալ ընդունման ֆոլաթթուն բավարար է ֆոլաթթվի անբավարարությունը բուժելու համար: [1] Բուժման տևողությունը կախված է անբավարարության զարգացման պատճառից: Մալաբսորբցիա կամ կարճ աղիքի համախտանիշ ունեցող հիվանդների դեպքում սովորաբար պահանջվում է երկարատև բուժում: Զուգահեռ վիտամին B12-ի դեֆիցիտ ունեցող հիվանդների դեպքում պարտադիր է նաև վիտամին B12-ի նշանակումը: Միայն ֆոլաթթվով բուժումը չի բարելավում B12-ի անբավարարությամբ պայմանավորված նյարդաբանական ախտանշանները: [7]
Մինչև բեղմնավորումը ֆոլաթթվի հավելումների օգտագործումը պաշտպանում է պտուղն այնպիսի կառուցվածքային անոմալիաների զարգացումից, ինչպիսիք են նյարդային խողովակի անոմալիաները և սրտի բնածին արատները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ այն կարող է նաև կանխել վաղաժամ ծննդաբերությունը: [8]
ԱՄՆ-ում ֆոլաթթվով սննդի պարտադիր հարստացման իրականացումը հասել է իր նպատակին՝ նվազեցնելով նորածինների մոտ նյարդային խողովակի անոմալիաների զարգացման հաճախականությունը: Դրա հետ մեկտեղ, գրանցվել են մի քանի չնախատեսված օգուտներ, որոնցից է օրինակ tHcy-ի կոնցենտրացիայի նվազումը, որը համարվում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման անկախ ռիսկի գործոն: Ֆոլաթթվով սննդի հարստացման այլ չնախատեսված առավելություններից են ԱՄՆ-ում ֆոլաթթվի անբավարարության փաստացի վերացումը և անեմիայի տարածվածության նվազեցումը: Այնուամենայնիվ, ֆոլաթթվով սննդի հարստացման ազդեցությունը կոգնիտիվ առողջության, ինսուլտի և շաքարային դիաբետի վրա այնքան էլ պարզ չէ: [9]
References
[1] Folic Acid Supplementation and Pregnancy: More Than Just Neural Tube Defect Prevention. James A Greenberg, MD,1 Stacey J Bell, DSc, RD,2 Yong Guan, MD,3 and Yan-hong Yu.
[2] Cieślik E., Cieślik I. Occurrence and Significance of Folic Acid. Pteridines. 2018;29:187–195. doi: 10.1515/pteridines-2018-0017.
[3] McKeating A., Farren M., Cawley S., Daly N., McCartney D., Turner M.J. Maternal Folic Acid Supplementation Trends 2009–2013. Acta Obstet. Gynecol. Scand. 2015;94:727–733. doi: 10.1111/aogs.12656.
[4] Thaler CJ. Folate Metabolism and Human Reproduction. Geburtshilfe Frauenheilkd. 2014 Sep;74(9):845-851. doi: 10.1055/s-0034-1383058. PMID: 25278626; PMCID: PMC4175124.
[5] Wald N.J., Morris J.K., Blakemore C. Public Health Failure in the Prevention of Neural Tube Defects: Time to Abandon the Tolerable Upper Intake Level of Folate. Public Health Rev. 2018;39:1–11. doi: 10.1186/s40985-018-0079-6.
[6] Kashif M. Khan1; Ishwarlal Jialal2. Folic Acid Deficiency Last Update: June 26, 2023.
[7] Okada A, Koike H, Nakamura T, Watanabe H, Sobue G. Slowly progressive folate-deficiency myelopathy: report of a case. J Neurol Sci. 2014 Jan 15;336(1-2):273-5.
[8] Barua, S., Kuizon, S. & Junaid, M.A. Folic acid supplementation in pregnancy and implications in health and disease. J Biomed Sci 21, 77 (2014). https://doi.org/10.1186/s12929-014-0077-z
[9] Ismail, S.; Eljazzar, S.; Ganji, V. Intended and Unintended Benefits of Folic Acid Fortification—A Narrative Review. Foods 2023, 12, 1612. https://doi.org/10.3390/foods12081612